Կասկարա․ Սրճապտղի Զարմանահրաշ Կեղևը

Կասկարան սրճապտղի չորացրած կեղևն է, որը, որպես բուսական թեյ թրմելիս, զարմանալիորեն հաճելի ըմպելիք է դառնում։

Անվանումը սերում է իսպաներեն cáscara բառից, որն ուղղակիորեն նշանակում է կեղև։ Կարևոր է սրճապտղի կեղևը չշփոթել Կասկարա Սագրադա (Rhamnus purshiana) բույսի հետ, որը ժողովրդական բժշկության մեջ որպես բնական լուծողական դեղամիջոց է օգտագործվում։

Սրճապտղից պատրաստված թեյը շատ հայտնի է սուրճ աճեցնող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եմենը, Բոլիվիան, Եթովպիան։ Օրինակ Եմենում տարածված ավանդական մի տաք ըմպելիք կա Քիշր անվանումով, որ պատրաստում են կասկարայից ու կոճապղպեղից, երբեմն նաև դարչին են ավելացնում։ Իսկ Բոլիվիայում տարածված է Սուլթանա անվանումով թուրմը, որը պատրաստում են թույլ բոված սրճապտղի կեղևից և նույնպես երբեմն դարչին են ավելացնում։

Կասկարան հաճախ որպես թափոն է հանդիսացել սուրճի ֆերմաներում կամ որպես պարարտանյութ է օգտագործվել։ Այժմ այն ամբողջ աշխարհում ավելի ու ավելի է տարածվում որպես առանձին մթերք։ Պահանջարկն ավելանում է իր ուրույն համային առանձնահատկությունների և առողջարար հատկանիշների շնորհիվ։

Կասկարայի մասին ամենահետաքրքրական փաստերից մեկն այն է, որ այն հանդիսանում է սրճապտղի ամենասննդարար բաղադրիչը։ Սրճապտղի կեղևը պարունակում է վիտամիններ, հանքանյութեր, անփոխարինելի ամինաթթուներ, անփոխարինելի ճարպաթթուներ, սպիտակուց և օգտակար կենսաակտիվ միացություններ, ինչպիսիք են պոլիֆենոլներն ու կաֆեինը։ Պոլիֆենոլներն այնպիսի միացությունների դասին են պատկանում, որոնք պարունակվում են բուսական սննդի մեջ, ինչպիսիք են օրինակ միրգը, բանջարեղենը, դեղաբույսերը, համեմունքները, թեյը, դառը շոկոլադը և գինին։ Դրանք մեր օրգանիզմում կարող են հակաօքսիդանտների դեր կատարել մեզ պաշտպանելով քաղցկեղից, շաքարային դիաբետից և սրտային հիվանդություններից։ Պոլիֆենոլները նաև հակաբորբոքային հատկություն ունեն։

Ինչպես արդեն նշեցինք սրճապտղի կեղևը նույնպես պարունակում է կաֆեին, ինչպես և սուրճի հատիկները։ Կաֆեինի պարունակությունը կեղևում մոտավորապես 10 անգամ քիչ է արաբիկա սուրճի հատիկների համեմատ։ Սակայն կասկարայի մեջ կաֆեինի քանակը կարող է փոքր-ինչ տատանվել կախված սրճապտղի մշակման մեթոդից։

Անկախ այս բոլոր հետաքրքրական փաստերից կասկարայի ամենահաճելի մասն ակնհայտորեն դրա համն է։ Համային առանձնահատկությունները նույնպես կարող են տարբերվել կախված սուրճի տեսակից ու մշակման մեթոդից։ Այստեղ կարելի է գտնել մասուրի, բաղրջուկի (Hibiscus) ու չորամրգերի համային երանգներ։

     

Պատրաստման եղանակ

Կասկարան պետք է թրմել բուսական թեյի պես։ Կարող եք օգտագործել սովորական թեյնիկ․ 15գր կեղևին ավելացրեք 300մլ եռացրած ջուր։ Թրմեք մոտ 8-10ր։ Դատարկեք ու վայելեք: Կարող եք ստացված թուրմը նաև սառեցնել։

Խորհուրդ ենք տալիս փորձեր անել թեյ/ ջուր համամասնության ու թրմման ժամանակի հետ Ձեր քիմքին համապատասխան կատարյալ համադրությունը գտնելու համար։ Փորձեք մեր կասկարան Կոստա Ռիկայից, որը կարող եք գտնել մեր օնլայն խանութում։

ՄԵՆՔ ԱՌԱՔՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՃԱՐ ԱՄԵՆ ՀԻՆԳՇԱԲԹԻ