Արագ Եւ Համեղ Սուրճ ԱերոՓրեսսով

Եթե սիրում եք սուրճ ու շատ ժամանակ չունեք, բայց ձեզ համար կարևոր է, որ սուրճը լինի թարմ և համեղ, Աերոփրեսսը լուծում է բոլոր այդ խնդիրները: Այս սարքով կարելի է ստանալ փափուկ և բալանսավորված համ, առանց կտրուկ թթվայնության կամ դառնության: Այն հեշտ է մաքրվում, առանձնահատուկ խնամք չի պահանջում, թեթև է, մատչելի ու հարմար ամեն միջավայրում օգտագործելու համար: Լինի առավոտյան խոհանոցում, աշխատավայրում, հյուր գնալիս թե ճամփորդելիս, մենք միշտ վերցնում ենք այն մեզ հետ:

Աերոփրեսսն աշխատում է ձեռքի ճնշման ազդեցությամբ ջուրը սուրճի աղացած հատիկների միջով անցկացնելու մեթոդով: Սուրճն անցնում է թղթե ֆիլտրի միջով, ինչը հնարավորություն է տալիս ստանալ ավելի պարզ ու մաքուր համ։ Այն նաև շատ ճկուն է, քանի որ բավականին լայն հնարավորություններ է ընձեռում ստանալու ամենատարբեր չափսի և թնդության սուրճ:

Մենք կիսվում ենք մեր ամենասիրելի մեթոդով, որի արդյունքում կստանաք մոտավորապես 200մլ միջին թնդության, ֆիլտրված սուրճ: Կօգտագործենք շրջված տարբերակը, ինչը մեզ թույլ կտա ստանալ ավելի հավասարաչափ թրմման ընթացք։

 

Բաղադրատոմս

  • 18-20գր (մոտ 1.5 Աերոփրեսսի գդալ) սուրճ՝ աղացած Աերոփրեսսի համար (ծովի աղից քիչ մանր)
  • 240մլ եռացրած ջուր

 

Պատրաստման եղանակ

  • Թղթե ֆիլտրը տեղադրեք ֆիլտրի գլխիկի մեջ ու եռացրած ջրով թրջեք այն: Այս քայլով, նախ և առաջ, կբացառենք թղթի համի փոխանցումը սուրճին, բացի այդ կտաքացնենք տարան, որի մեջ ֆիլտրելու ենք սուրճը։

         

  • Խցիկն ու մխոցը միացրեք իրար և սարքը շրջեք գլխիվայր, այնպես, որ խցիկը հայտնվի վերևում։
  • Սուրճը լցրեք խցիկի մեջ, հարթեցրեք և ավելացրեք սուրճի քանակից կրկնակի անգամ շատ ջուր՝ մոտ 40մլ։ Ջրի ջերմաստիճանը պետք է լինի մոտ 93°C:

      

  • Մի քանի անգամ խառնեք, համոզվեք, որ բոլոր հատիկները հավասարաչափ թրջվել են և թողեք այդպես մոտ 20 վայրկյան:
  • Այնուհ ետև, բ արակ շիթով և հավասարաչափ ավելացրեք մնացյալ ջուրը՝ մոտ 200մլ, որը կհասնի ընդհուպ մինչև խցիկի պռունկը: 
  •    Ամրացրեք ֆիլտրի գլխիկը, սպասեք 1 րոպե։  

      

  • Մեկ րոպե անց զգուշությամբ շրջեք սարքը գլխիվայր ու տեղադրեք նախապես տաքացրած տարայի կամ բաժակի վրա:
  • Սկսեք դանդաղ սեղմել մխոցին։

      

  • Երբ հասնեք վերջին ու լսեք հատկանշական ձայնը, դադարեք սեղմելը, քանի որ վերջին կաթիլները հավելյալ դառնություն կհաղորդեն Ձեր սուրճին։
  • Եթե մխոցն իջեցնելը Ձեզնից մեծ ջանք պահանջի, նշանակում է, որ սուրճի հատիկները չափից դուրս մանր են աղացած, իսկ եթե շատ հեշտությամբ ստացվի, ապա դրանք ավելի խոշոր են, քան անհրաժեշտ է:
  • Հանեք ֆիլտրի գլխիկը, հրեք մխոցը և թղթե ֆիլտրն ու սուրճի մնացորդներն ազատորեն դուրս կգան։

Վայելեք :)

ՄԵՆՔ ԱՌԱՔՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՃԱՐ ԱՄԵՆ ՀԻՆԳՇԱԲԹԻ