Մոկա Փոթ. Իտալական Կուլտային Սուրճի Սարքը
Մոկա փոթն էսպրեսսո ոճի սուրճ պատրաստող սարք է, ի սկզբանե նախագծված գազօջախի համար, այնուամենայնիվ, էլեկտրական մոդելներ ևս կարելի է գտնել շուկայում։ Այն նախագծվել է դեռևս 1933թ.-ին իտալացի ինժեներ Ալֆոնսո Բիալետիի կողմից։ Բիալետի ընկերությունը մինչ օրս արտադրում է նույն մոդելը «Moka Express» ֆիրմային անվան ներքո։ Սարքի անունը ծագել է Մոխա եմենական նավահանգստային քաղաքի անվանումից։
Մոկա փոթը բաղկացած է 3 մասից. ստորին խցիկը, որը նախատեսված է ջրի համար, ձագարաձև մետաղական ֆիլտրը աղացած սուրճի համար և վերին խցիկը, որտեղ պատրաստի սուրճն է թափվում։
Բաղադրատոմս 3 բաժականի մոկա փոթի համար
- 18-21գր (կախված է սուրճի տեսակից, բովման աստիճանից, աղացման խոշորությունից) սուրճ՝ աղացած մոկա փոթի համար (ավելի խոշոր քան էսպրեսսոյի համար, ավելի մանր քան՝ ԱերոՓրեսսի)
150-180մլ (կախված է տվյալ սարքի մոդելից) եռացրած ջուր
Պատրաստման եղանակ
- Ստորին խցիկի մեջ լցրեք նախապես եռացրած ջուր մինչև անվտանգության փականը։
Երկու հուշագրավ կետ է հարկավոր առանձնացնել այստեղ։ Չնայած նրան, որ իտալացիները պատրաստման համար նախատեսված ջուրը նախապես չեն եռացնում, մենք, այնուամենայնիվ, խորհուրդ ենք տալիս հակառակն անել։ Այսպիսով կնվազեցնենք թրմման ժամանակը, կամ, այլ կերպ ասած, տաքացող ջրի գոլորշու և սուրճի հատիկների շփման ժամանակը՝ խուսափելով չափից դուրս դառը համային երանգներից պատրաստի սուրճի մեջ։ Մոկա փոթի համար օգտագործվող ջրի իդեալական ջերմաստիճանը 70°C-ն է։
Երկրորդ կարևոր կետը ջրի մակարդակն է ստորին խցիկում։ Այն պետք է լինի անվտանգության փականի ճիշտ ներքևից։ Փականը նախատեսված է խցիկում կուտակված բարձր ճնշման դեպքում օդի դուրս բերման համար։ Եթե ավելացնենք ավել քանակի ջուր քան նշված չափումն է, արդյունքում ավելի շատ սուրճ չենք ստանա, որովհետև ջուր ավելացնելով փոքրացնում ենք օդի ծավալը։ Իսկ վերջինիս ընդարձակումից առաջանում է հենց այն ուժը, որի ազդեցությամբ ջուրը ստորին խցիկից բարձրանում է դեպի ձագարաձև ֆիլտր։ Սա նշանակում է, որ ջրի նշված չափումն, արդյունքում, ապահովում է մաքսիմալ քանակի սուրճ։
- Մետաղական ֆիլտրը դրեք իր տեղը, ավելացրեք աղացած սուրճը և թափահարեք, որ հարթեցնեք։
Կարիք չկա սուրճի շերտը սեղմելով հարթեցնել, քանի որ ստորին խցիկում ստեղծված ճնշման ուժը բավարար չի լինի ջուրը սուրճի հատիկների միջով վեր բարձրացնելու համար։ Պատճառն այն է, որ էսպրեսսո մեքենայի համեմատ, որտեղ կիրառվող ճնշումը 9 բար է, մոկա փոթն աշխատում է ավելի ցածր ճնշման ազդեցությամբ՝ մոտ 1-2 բար։
- Ամրացրեք վերին խցիկը և սարքը դրեք գազօջախին՝ միջին կրակի վրա։
- Վերցրեք սարքը կրակի վրայից հենց որ կլսեք ֆշշոցը։
Երբ ստորին խցիկը համարյա դատարկ է, գոլորշու պղպջակները խառնվում են վեր բարձրացող ջրի հետ առաջացնելով հատկանշական ձայնը։ Այս փուլում շատ տաք գոլորշին ու ջուրը կարող են սուրճին հաղորդել դառը համեր։ Հենց այս պատճառով էլ պետք է անմիջապես դադարեցնել թրմման պրոցեսսը։
- Թույլ տվեք, որ սուրճի հոսքը վերին խցիկում ավարտվի։ Դատարկեք ու վայելեք։
Եթե Ձեր սարքը ալյումինից է, ապա լվանալ այն պետք է միայն տաք ջրով ու սպունգով, առանց ամանի հեղուկի, որպեսզի մետաղը չվնասվի։
Ձեր Մոկա Փոթի խնամքի հետ կապված ավելին իմանալու համար կարող եք այցելել Բիալետիի պաշտոնական կայքէջ։